Ռուսական ավիաընկերությունները չեն նախատեսում չեղարկել ուղիղ չվերթները ՌԴ քաղաքներից դեպի Երևան և հակառակը
Ռուսական ավիաընկերությունները չեն նախատեսում չեղարկել ուղիղ չվերթները ՌԴ քաղաքներից դեպի Երևան և հակառակը:
NEWS.am-ը դիմել էր ռուսական ավիաընկերությունների` պարզելու, արդյոք նրանք մտադիր են ապրիլին չեղարկել ուղիղ չվերթները Ռուսաստանի մի շարք քաղաքներից դեպի Երևան եւ հակառակը: Հարցմանն ի պատասխան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Վերա Գասնիկովան հայտնել է, որ ընկերությունն այս տարի չի նախատեսում չեղարկել թռիչքները դեպի Երևան: «Ինչ վերաբերում է ամառային ժամանակացույցին, ապա այն գտնվում է մշակման փուլում: Առաջիկայում բոլոր թռիչքները բաց կլինեն վաճառքի համար»,- պարզաբանել է նա:
Իսկ Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Սուխորուկովի խոսքով` ընկերությունը ոչ միայն չի պատրաստվում չեղարկել ռուսական քաղաքներից ուղիղ թռիչքները դեպի Հայաստանի մայրաքաղաք, այլև նախատեսում է ակտիվորեն ընդլայնել իր ներկայությունը հայկական շուկայում եւ ուղիղ թռիչքներ իրականացնել Վորոնեժից, Միներալնիե Վոդիից, Նիժնի Նովգորոդից, Պերմից, Սամարայից, Սոչիից, Սանկտ Պետերբուրգից եւ Ուֆայից դեպի Երևան եւ հակառակը: «Բացի այդ, դեպի Մոսկվա երկու ամենօրյա թռիչքների շնորհիվ առաջարկվում է օգտվել օգտագործել ճանապարհորդության և հանգստի համար 200 ուղղություններով` Շերեմետեւո օդանավակայանում հարմարավետ միացմամբ, ինչպես Ռուսաստանով, ԱՊՀ-ով, այնպես էլ` դեպի Կարիբյան ավազանի տարածաշրջան (Կուբայի 5 օդանավակայանները, Դոմինիկյան հանրապետության 4 քաղաքները, Ճամայկա եւ Մեքսիկա) եւ Հարավարևելյան Ասիայի հանգստավայրեր»,- հավելել է Սուխորուկովը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 3-ին ֆեյսբուքյան իր էջին հայտնել էր, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, 2020 թվականի մարտի 28-ից ՌԴ որոշ քաղաքներից դեպի Երեւան եւ հակառակը ուղիղ չվերթները կդադարեցվեն, օրինակ` Սոչիից եւ հակառակը: Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանին ուղղված հարցման պատասխանում, Մարուքյանի խոսքով, նշվում է է, որ ՀՔԿ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի ավիացիոն իշխանություններից առ այն, որ 2020 թվականի ամռան ամիսներին Ռուսաստանի որոշ քաղաքներից դեպի Երեւան թռիչքներ են դադարեցվելու: Մարտի 29-ից ավիաընկերությունները սկսում են աշխատել նոր ժամանակացույցով` կապված մի շարք երկրների` ամառային ժամանակի անցնելու հետ: