Թրամփի կողմից աշխատանքից հեռացված պաշտոնյայի փաստաբանը մեղադրել է ԱՄՆ նախագահին ստի մեջ
Թրամփի կողմից աշխատանքից հեռացված Ուկրաինայի հարցով Սպիտակ տան նախկին փորձագետի՝ փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանի փաստաբանը մեղադրել է ԱՄՆ նախագահին ստի մեջ, հաղորդում է BBC News-ը:
Փաստաբան Դեւիդ Փրեսմանն անվանել է Վինդմանին հեռացնելու մասին Թրամփի հայտարարությունը «ակնհայտ սուտ» եւ հայտարարել, որ ԱՄՆ նախագահն անցկացնում է «վախեցնելու արշավ»:
«Այն ժամանակ, երբ աշխարհում ամենաազդեցիկ մարդը շարունակում է վախեցնելու իր արշավը, այն ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ, որոնց վստահված են քաղաքական պաշտոններ, շարունակում են լռել, փոխգնդապետ Վինդմանը շարունակում է իր ծառայությունը մեր երկրում որպես մեր Զինված ուժերի կարկառուն, ակտիվ զինծառայող»,-հայտարարել է Փրեսմանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում բացատրել էր իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցով փորձագետ Ալեքսանդր Վինդմանին աշխատանքից հեռացնելու շուրջ:
Նրա խոսքով՝ Վինդմանը չէր պահպանել սուբորդինացիան:
«CNN եւ MCDNC ֆեյքային ԶԼՄ-ները շարունակում են խոսել «փոխգնդապետ» Վինդմանի մասին՝ կարծես ես պետք է մտածեմ այն մասին, թե ինչպիսի հրաշալի մարդ է նա: Իրականում ես չեմ ճանաչում նրան, երբեք չեմ խոսել նրա հետ եւ չեմ հանդիպել, սակայն նա չի պահպանել սուբորդինացիան, սխալ է զեկուցել իմ «իդեալական» զանգերի բովանդակության մասին եւ ստացել է սարսափելի արձագանք իր ղեկավարից, որը հանրայնորեն հայտարարել է, որ Վինդմանն ուներ խնդիր օրենքի, հրամանատարության կարգուկանոնը պահպանելու եւ տեղեկատվության արտահոսքի հետ: Մի խոսքով՝ «ՀԵՌԱՑԻ՛Ր»»,-գրել է Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ Վինդմանը բարձրաստիճան անձանցից մեկն էր, որը ցուցմունք էր տվել իմփիչմենթի գործընթացի շրջանակում: