Իրանը կիբեռգրոհի է ենթարկվել
Իրանը շաբաթ օրը ենթարկվել է կիբեռգրոհի, ինչը ինտերնետի ժամանակավոր խափանումների պատճառ է դարձել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարարությանը կից Ենթակառուցվածքային կոմունիկացիաների կազմակերպության ներկայացուցիչ Սաջադ Բոնաբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ժամը 11։44-ին կիբեռգրոհի պատճառով տեղի է ունեցել խափանում, որի հետեւանքով բջջային եւ կայուն ինտերնետի որոշ օպերատորներ մեկ ժամ անջատումներ են ունեցել»,- հայտնել է նա։
Նրա խոսքերով՝ «տվյալ պահին ինտերնետն աշխատում է սովորական ռեժիմով»։
Վերջին տարիներին ԶԼՄ-ներում հաճախ է տեղեկատվություն հայտնվում Իրանի յանդեպ կիբեռհարձակումների մասին։ Ամենահայտնի դեպքը Stuxnet վիրուսն էր, որի օգնությամբ 2010թ․ գրոհի էր ենթարկվել Նաթանզեում երկրի միջուկային օբյեկտը։ Թեհրանը եւ մի շարք արեւմտյան թերթեր հաստատում էին, որ վիրուսի ստեղծման հետեւում ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայություններն են։
2019թ․ դեկտեմբերի 11-ին Իրանի տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ Ջավադ Ջախրոմին հայտարարել էր, որ երկրի կառավարական ենթակառուցվածքը հզոր կիբեռգրոհի է ենթարկվել, որը հաջողվել է հետ մղել։