Անտարկտիդայում գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ
Արգենտինացի օդերեւութաբաններն Անտարկտիդայում գրանցել են դիտարկումների ամբողջ պատմության ընթաքում ռեկորդային բարձր ջերմաստիճան, թվիթերյան իր էջում տեղեկացրել է արգենտինական ազգային օդերեւութաբանական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հինգշաբթի արգենտինական Էսպերանսա գիտահետազոտական կայանում գրանցվել է ջերմաստիճանի նոր պատմական ռեկորդ (1961 թվականից առ այսօր)՝ 18.3 աստիճան ըստ Ցելսիուսի: Այդ ջերմաստիճանը գերազանցում է նախորդ ռեկորդը, որը կազմել է 17.5 աստիճան եւ գրանցվել է 2015 թվականի մարտի 24-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, օդերեւութաբանները տեղեկացրել են, որ արգենտինական մյուս՝ Մարամբիո կայանում նույնպես սահմանվել է ջերմային ռեկորդ եւ գրանցվել ամենաբարձր ջերմաստիճանը փետրվարում 1971 թվականից ի վեր՝ 14.1 աստիճան: Նախորդ ռեկորդը հաստատվել է 2013 թվականին եւ կազմել 13.8 աստիճան:
«Դա կարող է կապված լինել գլոբալ տաքացման հետ»,- Clarin թերթը մեջբերում է Արգենտինայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Սինդի Ֆերնանդեսի խոսքերը:
Անտարկտիդան ձգվում է 14 միլիոն քառակուսի կիլոմետրերկարությամբ եւ ամբողջությամբ ծածկված է ձնով ու սառույցով: Միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է 10-60 աստիճան ցրտի շրջանում: Անտարկտիդայի թերակղզու կլիման ամենաարագ փոփոխվողներից է ամբողջ աշխարհում: Վերջին 50 տարվա ընթացքում թերակղզու մակերեւույթին միջին ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 3 աստիճանով: Այդ տարածաշրջանի համար ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 19.8 աստիճան ըստ Ցելսիուսի 1982 թվականի հունվարի 30-ին Սիգնի գիտահետազոտական կայանում: