Արքայազն Էնդրյուն հրաժարվել է իրեն ծովակալի կոչում շնորհելուց Էփշթեյնի հետ կապված սկանդալի պատճառով
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդի արքայազն Էնդրյուն որոշել է ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնորհելուց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Express-ին:
Հերթական պատվավոր զինվորական կոչումը դուքսին պետք է շնորհվեր փետրվարի 19-ին իր 60-ամյակի կապակցությամբ՝ հին պրակտիկայի համաձայն, ըստ որի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամները պետք է զինվորական ծառայության մեջ գտնվեն: Սակայն, ըստ Բուքինհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցչի, արքայազնը հրաժարվել է ծրագրված բարձրացումից, քանի դեռ ամբողջովին չի վերսկսել իր պաշտոնական պարտականությունները որպես թագավորական ընտանիքի անդամ:
«Պետական պարտականություններից հրաժարվելու որոշումից հետո Յորքի դուքսը պաշտպանության նախարարությանը խնդրել է հետաձգել ծառայության մեջ իր բարձրացումը, քանի դեռ չի վերադարձել իր պաշտոնական պարտականություններին»,- նշել է ներկայացուցիչը:
Պարտականություններից հրաժարում
Արքայազն Էնդրյուն պաշտոնական պարտականությունների կատարումից ժամանակավորապես հրաժարվել է 2019 թվականի նոյեմբերին:
Նա այդ ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շահագրգիռ իրավապահ մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Էփշթեյնին վերաբերող ցանկացած քննության ժամանակ, ում ԱՄՆ իշխանությունները մեղադրել են սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար: Նա 2019-ի օգոստոսին ինքնասպան էր եղել:
Սկանդալային հարցազրույց
59-ամյա արքայազնի հայտարարությունը կատարվել է BBC-ին տված նրա հարցազրույցից հետո մի քանի օր անց, որում պատմել էր Էփշթեյնի հետ իր ընկերության մասին, ինչպես նաեւ հերքել էր այն պնդումները, որ սեռական կապ է ունեցել 17-ամյա աղջկա հետ, որը դրա համար փող է ստացել ամերիկացի միլիարդատիրոջ շրջապատի անդամներից:
Արաքայազնը հանրության խիստ քննադատությանն էր արժանացել ծրագիրը եթեր դուրս գալուց հետո: Նրան կասկածել էին անկեղծ չլինելու մեջ, ինչպես նաեւ դատապարտել էին, որ նա կարեկցանք չի հայտնել աղջիկներին, որոնց Էփշթեյնը սեռական բռնության էր ենթարկել:
Արքայազնը ամերիկացի գործարարի հետ ծանոթացել է դեռեւս 90-ականներին եւ հարցազրույցում այդ ծանոթությունն անվանել է օգտակար՝ ավելացնելով, որ չի ափսոսում, որ իրենք ընկերներ են եղել։ Արքայազնը Էփշթեյնի շուրջ սկսված սկանդալում ներքաշվել է դեռեւս 2005 թվականին, երբ նրան մեղադրում էին 14-ամյա աղջկա հետ սեռական կապի մեջ։
Բուքինհեմյան պալատը բազմիցս հայտարարել է, որ արքայազնի հասցեին հնչող մեղադրանքները դեռահասների հետ սեռական կապերի մասին իրականության հետ ոչ մի կապ չունեն։