Առանց Թուրքիայի օգնության Ադրբեջանը ռազմական արկածախնդրության չի գնա ղարաբաղյան ուղղությամբ. փորձագետ
Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը հիմք է տալիս ասելու, որ համաշխարհային խոշոր խաղացողները շահագրգռված չեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ստատուս քվոյի խախտմամբ: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նկատեց, որ Թուրքիան նույնպես ակտիվորեն ներգրավված է Սիրիայի, Լիբիայի և արեւելյան միջերկրածովյան ռազմաքաղաքական գործընթացներում, հետևաբար, կարելի է պնդել, որ Անկարան չի գնա արկածախնդրության, այդ թվում նաեւ՝ Բաքվի ձեռքերով ղարաբաղյան ուղղությամբ` հաշվի առնելով, որ Թուրքիայի համար սա կարող է Ռուսաստանի հետ ռազմական բախման սպառնալիքի հանգեցնել:
«Անկարան չունի միանգամից մի քանի ճակատներով ակտիվ ռազմական գործողություններ վարելու հնարավորություն, և Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի սկսի Ղարաբաղում` առանց Թուրքիայի օգնության և խոշոր տերությունների համաձայնության»,- հավելեց փորձագետը:
Ըստ նրա` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն արդեն վաղուց ոչինչ չեն փոխում:
«Որեւէ լուրջ փոփոխություն չբերեց նաեւ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը»,- պարզաբանեց Սաֆրաստյանը: