Հայաստանի իշխանությունները կարող են բախվել հանրաքվեին ընտրողների մասնակցությունն ապահովելու խնդրին. փորձագետ
Իշխող ուժը կարող է բախվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ընտրողների մասնակցությունն ապահովելու խնդրին՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ Փաշինյանի վարկանիշը նույնը չէ, ինչ 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա նշեց, որ Սահմանադրության մեջ փոփոխությունները հնարավոր են, եթե իշխանությունների նախաձեռնությանն աջակցում է քվեարկության առնվազն 650 հազար մասնակից, բայց, միեւնույն ժամանակ, նրանք պետք է կազմեն մասնակիցների ավելի քան 50 տոկոսը եւ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների` առնվազն քառորդը: «Փաշինյանի համար դժվարություններ կարող են առաջանալ նաեւ այն դեպքում, եթե նախագահը ստորագրի հանրաքվեի նախագիծը: Ուստի այն իշխանությունների համար վստահության, ինչպես նաև վարչական ռեսուրսների օգտագործման գայթակղությունից զերծ մնալու ունակության միջանկյալ փորձություն կդառնա: Փաշինյանն ընտրողներին քվեարկել համոզելու իր փորձերը սկսել էր դեռ խորհրդարանում ունեցած իր երեկվա ելույթի ժամանակ` ՍԴ-ն անվանելով նախորդ իշխանությունների վերջին բաստիոնը: Այսինքն, պայքարը կրկին կընթանա «սեւերի» և «սպիտակների» բաժանման կարգախոսի ներքո»,- պարզաբանեց փորձագետը: Հակոբյանը հավելեց, որ ընդդիմության համար հանրաքվեն կարող է կատալիզատոր դառնալ որոշակի գործողությունների համար, այդ թվում` համախմբված բոյկոտի տեսքով:
Քաղաքագետը հայաստանյան ընդդիմությունը բաժանեց 3 սեգմենտի: «Առաջին սեգմենտի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն և, մասամբ, «Բարգավաճ Հայաստանը»: Երկրորդ սեգմենտի մեջ կարելի է ներառել այն նոր ուժերը, որոնք իրենց չեզոք են դիրքավորում ինչպես հին, այնպես էլ նոր իշխանությունների նկատմամբ: Դրանց թվում են «Ազգային օրակարգ», «Միացյալ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև` Վանեցյանի կուսակցությունը: Երրորդ սեգմենտում ներառված են հեղափոխական ուժերը, որոնք դժգոհ են իշխանությունների գործողություններից, օրինակ ՝ «Սասնա ծռերը» և Արման Բաբաջանյանը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին իշխող «Իմ քայլը» դաշինքը ձեռնպահ էր մնացել Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին քվեարկելուց՝ տապալելով իր իս օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացվել էր Ազգային ժողով: Դրանից հետո Հայաստանի խորհրդարանը քվեարկության միջոցով որոշում ընդունեց հանրապետության Սահմանադրական դատարանի ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: