ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփի ելույթի ժամանակ Փելոսիի արարքի համար նրան դատապարտող բանաձեւը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը մերժել է այն բանաձեւը, որը դատապարտում է իր խոսնակ Նենսի Փելոսիին այն բանի համար, որ նա օրենսդիր մարմնի երկու պալատների առջեւ ցուցադրաբար պատռել է նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեքստը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ձայները բաշխվել են ըստ կուսակցական պատկանելության՝ 224 դեմոկրատներ քվեարկել են դեմ, 193 հանրապետականներ՝ կողմ։
Փաստաթղթում նշվում է, որ Փելոսին Թրամփի ելույթից անմիջապես հետո պատռել է նախագահի ելույթի թղթային տարբերակը, որի մեջ «կային պատմություններ եւ հայրենասերների անուններ, որոնք շատ բաներ են զոհաբերել» հանուն Միացյալ Նահանգների։ «Խոսնակի արարքը պարկեշտության կանոնների խախտում էր եւ նվաստացնում էր համատեղ նիստի գործընթացը՝ խտրականացնելով Ներկայացուցիչների պալատին»,- ասվում էր բանաձեւի մեջ։
Թրամփը «Երկրի դրության մասին» իր ելույթից առաջ դրա թղթային տարբերակը փոխանցել էր Փելոսիին։ Այդ պահին խոսնակը մեկնել էր ձեռքը, սակայն նախագահը չէր սեղմել այն, այլ շրջվել եւ իր տեղն էր զբաղեցրել ամբիոնում։ Հենց նախագահը ավարտել էր խոսքը, նրա թիկունքում գտնվող Փելոսին վերցրել էր սեղանից թղթերն ու պատռել դրանք։