Չերկիզովյան շուկայի նախկին տիրոջ՝ Իսմայիլովի եղբայրը դատապարտվել է երկու սպանության համար
Մոսկվայի շրջանային դատարանը երկու սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտել Ռաֆիկ Իսմայիլովին՝ Չերկիզովյան շուկայի նախկին տիրոջ՝ հետախուզման մեջ գտնվող Թելման Իսմայիլովի եղբորը, հայտնում է Lenta-ն։
Վճռի համաձայն, դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։
Հետաքննության վարկածով՝ Թելման Իսմայիլովը իր եղբայրների հետ միասին կազմել է առեւտրի համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի եւ «Լյուբլինո-մոտորս» ընկերության հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանությունների պլանը։ Հանցագործությունների կատարող է դարձել Մեխման Քերիմովը, որը 2016թ․ մայիսի 15-ին Նովոռիժսկյան մայրուղու վրա ավտոմեքենայից կրակել է երկու գործարարների վրա։ Նրանք ստացած վերքերից մահացել են։
Ինչպես կարծում է հետաքննությունը, Ռաֆիկ Իսմայիլովը, պայմանավորվածության համաձայն, եղբայրների հետ վերցրել է Քերիմովին սպանության վայրից, ինչից հետո հանցակիցներն օգնել են նրան թաքնվել եւ թաքցնել հանցանքի գործիքը։ Թելման Իսմայիլովն ու նրա եղբայր Վագիֆ Իսմայիլովը թաքնվում են արտասահմանում։ Նրանք հեռակա ձերբակալված են կրկնակի սպանության մեղադրանքով։
Պետական մեղադրողը դատապարտյալի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում՝ նշելով, որ նրա մեղքը լիովին ապացուցված է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ընդ որում, մեղադրող կողմը դատավարության ժամանակ խոստովանել է, որ սպանության գործիք հանդիսացող ատրճանակը չի հայտնաբերվել։ Պարզվել է միայն, որ տուժածների մահը վրա է հասել «Պարաբելում» ատրճանակի 9 մմ տրամաչափի փամփուշտներից։
Քերիմովը սպանություններն իրականացնելու համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։
Թելման Իսմայիլովն այժմ ապրում է Չեռնոգորիայում։ Սպանություններից բացի, նրան հեռակա մեղադրել են 2004թ․ Աբրահամ Ռուսոյի առեւանգման մեջ։ Գործարարը կտրականապես հերքում է մեղադրանքները։
Երգչի առեւանգման գործը Մոսկվայի քաղաքային դատարանն ուղարկել է վերանայման՝ հետաձգելով պատժից գործի մասնակիցների ազատելը։ Վերջիններիս թվում է Իսմայիլովի զարմիկը։