Թրամփը շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ ժողովրդավարության համար. Փելոսի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ ժողովրդավարության համար, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Սենատում իմփիչմենթի քվեարկության արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի ԱՄՆ Սենատը Թրամփին արդարացրել էր մեղադրանքի 2 կետերով՝ լիազորությունների գերազանցում եւ Կոնգրեսին խոչընդոտում: Այսպիսով՝ իմփիչմենթի գործընթացն անարդյունք ավարտվեց, Թրամփը մնաց պաշտոնին: Անցյալ տարվա սեպտեմբերին հենց Փելոսինն էր գործարկել քննությունը, որի արդյունքներով Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել:
«Այսօր նախագահը եւ Սենատի հանրապետականները նորմայի բերեցին անօրինականությունը եւ մերժեցին մեր Սահմանադրության զսպումների ու հակակշիռների համակարգը: Նախագահը շարունակում է մնալ մշտական սպառնալիք ամերիկյան ժողովրդավարության համար, քանի որ պնդում է, որ ինքն օրենքից վեր է, եւ որ կարող է ընտրությունները կոռումպացնել, եթե ցանկանա»,- նշված է Փելոսիի հրապարակած հայտարարության մեջ: