Իտալիայում արագընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել
Հինգշաբթի Իտալիայում արագընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել Միլանի եւ Բոլոնիայի միջեւ տեղամասում, մեկ մարդ մահացել է, եւս 30-ը մարմնական վնասվածքներ ստացել, հայտնում է Corriere della Sera-ն:
«Միլանից ուղեւորված «Կարմիր նետ» (Frecciarossa) արագընթաց գնացքը առավոտյան 5:35-ին Լոդիի մոտ ռելսերից դուրս է եկել: Այս պահին փրկարարները հայտնում են մեկ զոհվածի՝ գնացքի մեքենավարի եւ մեկ անհետ կորածի մասին: Քաղաքացիական պաշտպանությունը հայտնում է 30 տուժածների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տուժածների թվում 28-ը թեթեւ վնասվածքներ են ստացել, եւս երկուսը՝ միջին ծանրության: Նախնական տեղեկություններով՝ ռելսերից դուրս է եկել երկու վագոն:
Վթարից հետո, որի պատճառներն առայժմ պարզվում են, Միլան-Բոլոնիա արագընթաց ճյուղով երթեւեկությունը դադարեցվել է: