ԲՀԿ-ն կհայտարարի՞ ընդդիմություն դառնալու մասին
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը աշնանը կհայտարարի՞ ընդդիմություն դառնալու մասին:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հիշեցնում, որ դեռ գարնան վերջին ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե կարծում է, որ ԲՀԿ-ն աշնանային նստաշրջանի ժամանակ պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին:
Երեկ, երբ կուսակցության խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին թեթրը հարցրել է՝ ԲՀԿ-ն հայտարարելո՞ւ է ընդդիմություն դառնալու մասին, նա պատասխանել է.
«Չեմ հասկանում հարցի ծագման անհրաժեշտությունը: ԲՀԿ-ն մշտապես մի նպատակ է ունեցել՝ ՀՀ բնակիչների համար կյանքի որակ ապահովել: Եթե որևէ երևույթ, որևէ նախաձեռնություն խանգարում է դրան, ապա մենք հակադրվում ենք, ընդ որում, բավականին կոշտ: Ես տեսականորեն չեմ բացառում, որ կարող են եթե- ներ լինել: Եթե նախաձեռնություն կլինի, որը երկիրը կարող է տանել զարգացման, ապա մենք պատրաստ ենք համագործակցության: Եվ թող մեր համաերկրացիները մեզ դատեն մեր գործողություններից՝ ինչ ձևակերպում կտան մեզ:
-Բայց Վարդան Օսկանյանը գարնան վերջին հայտարարեց, թե կարծում է, որ ԲՀԿ-ն աշնանը պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին:
-Պարոն Օսկանյանը մեր կուսակցության առանցքային դեմքերից է և նրա կարծիքը դիտարկման արժանի է, բայց նա առանցքային դեմքերից մեկն է, բայց ոչ միակը:
Առավել մանրամասն «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: