Ես լի եմ գլոբալ ռազմավարական հարցերով ռուսական կառավարության հետ աշխատելու վճռականությամբ․ ԱՄՆ դեսպան
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն այսօր Կրեմլովյան պալատի Ալեքսանդրովյան դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է դեսպանության պաշտոնական կայքը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ինձ, որպես Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան, բոլոր ջանքերը գործադրել մեր երկրների հարաբերությունները բարելավելու եւ կապի խողովակներն ընդլայնելու համար։ Ես միշտ բարձր եմ գնահատել Ռուսաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը եւ անհամբերությամբ սպասում եմ ռուսական տարբեր քաղաքներ, ներառյալ Վլադիվոստոկ եւ Եկատերինբուրգ, որտեղ գտնվում են մեր գլխավոր հյուպատոսությունները, այցելելու հնարավորությանը»,- արարողության ավարտին ասել է դեսպան Սալիվանը։
Ջոն Սալիվանը պետական բարձր պաշտոններում աշխատանքի մեծ փորձով վաստակավոր իրավաբան է։ 2017-2019թթ․ նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։ Բացի այդ, նա աշխատել է առեւտրի փոխնախարար, առեւտրի նախարարության իրավաբան, ՊՆ-ի իրավաբան-խորհրդատուի տեղակալ եւ արդարադատության նախարարի օգնականի խորհրդական։
Ջոն Սալիվանը ծնունդով Բոստոնից է։ Նա բակալավրի աստիճանը ստացել է Բրաունի համալսարանում, իսկ իրավաբանի աստիճանը՝ Կոլումբիայի համալսարանում։ Դեսպան Սալիվանը եղել է ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Դեւիդ Սթոունի եւ Վերաքննիչ դատարանի դատավոր Ջոն Մայնոր Ուիսդոմի օգնականը։