«Օսկար 2020». «Լավագույն ռեժիսոր». Մենդե՞ս, թե՞ Տարանտինո
Մինչեւ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը հաշված օրեր են մնացել. գլխավոր կինոիրադարձությունը տեղի կունենա փետրվարի 10-ին։ Սա 92-րդ արարողությունն է, եւ անվանի կինոքննադատների կանխատեսմամբ՝ այն լի կլինի ամենատարբեր ինտրիգներով. յուրաքանչյուր անվանակարգի համար լուրջ պայքար կծավալվի։
Մենք առանձնացրել ենք, որպես կանոն, չորս ամենաքննարկվող անվանակարգերը եւ դրանք կներկայացնենք առանձին-առանձին, իհարկե՝ փորձելով կանխատեսել հաղթողի անունը:
Արդեն ներկայացրել ենք ե՛ւ սքանչելի տիկնանց, որոնք ընդգրկված են «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում, ե՛ւ ջենթլմենների, որոնք ներկայացված են «Տղամարդու լավագույն դեր» պարգեւին:
Իսկ այսօր կներկայացնենք մարդկանց, որոնք ղեկավարում են ստեղծագործական գործընթացը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում կպայքարեն 5 ռեժիսորներ:
Պոն Ջուն-հո - «Մակաբույծները»
Քվենտին Տարանտինո - «Մի անգամ... Հոլիվուդում»
Թոդ Ֆիլիփս - «Ջոկեր»
Մարտին Սկորսեզե - «Իռլանդացին»
Սեմ Մենդես - «1917»
Եթե մեր կամքը լիներ, ապա յուրաքանչյուր թեկնածու կստանար մեկական «Օսկար», բայց, ցավոք, մենք պետք է ընտրենք միայն մեկին:
Պոն Ջուն-հոն` իր «Մակաբույծներով», մեծ հիացմունք է առաջացրել` այնքան, որ արդեն խոսվում է ֆիլմի ամերիկյան ռեմեյքի մասին: Ժապավենի ուժեղ կողմերն են ամուր դերասանական խաղը եւ այն, թե ինչպես է կինոնկարը դետալային կերպով աճպարարություն անում ժանրերով. սոցիալական ողբերգությունից` մինչեւ թրիլերի տարրեր: Մենք 100 տոկոսով վստահ ենք, որ պարոն Պոնը արձանիկ կվերցնի «Լավագույն միջազգային կինոնկար» անվանակարգում, եւ թվում է, որ դա կլինի նրա բարձրակետը:
Թոդ Ֆիլիփսն ավելի հայտնի է որպես կատակերգության ժանրի ռեժիսոր, որի պսակը դարձավ «Տղաների խնջույքը» եռապատումը: Երբ հայտարարվեց, որ նա սկսել է «Ջոկեր»-ի նկարահանումները, շատերը թերահավատորեն էին վերաբերվում դրան (ինչպես ցույց տվեց ժամանակը` շատ իզուր): Ֆիլմը դարձավ մեգահիթ: Սակայն պետք է խոստովանել, որ շատ առումներով դա գլխավոր հերոսի դերակատար Հոակին Ֆենիքսի արժանիքն է: Իհարկե, չենք ցանկանում ցածրացնել Ֆիլիփսի արժանիքները, բայց քիչ հավանական է, որ նրան այս անվանակարգում «Օսկար» տան:
Վերջին տարում Մարտին Սկորսեզեն կինոարդյունաբերության մեջ մի քանի հայփային թեմաների (որոնք ինքն էլ ստեղծել էր) կենտրոնում էր` բացասական արձագանքները «Մարվել» կինոտիեզերքի մասին, «Ջոկերը» նկարահանելու առաջարկի մերժումը, եւ հենց «Իռլանդացու» հետ կապված իրավիճակը, որին կարող էին ընդհանրապես արգելել մասնակցել «Օսկարին»: Բանն այն է, որ կինոակադեմիան ինքնին շատ պահպանողական է եւ, մեղմ ասած, ընդհանրապես չի սիրում սթրիմինգային ծառայությունները եւ Netflix-ը` մասնավորապես, իսկ «Իռլանդացին» հենց Netflix-ի արտադրանքն է:
«Իռլանդացին» ինքնին լավն է. Ալ Պաչինոյից, Ռոբերտ Դե Նիրոյից եւ Ջո Պեշիից բաղկացած հին գվարդիան` Մարտինի գլխավորությամբ, հասկացնում է, որ «դեռ կարելի է պայքարել»: Սակայն, անկեղծ ասած, ֆիլմը վարպետի ամենահզոր աշխատանքը չէ. այն ակնհայտորեն պարտվում է Մարտինի ավելի վաղ ֆիլմերին, ինչպիսիք են, օրինակ, «Ուրացողները» կամ «Կազինոն»:
«Իռլանդացին» ամբողջությամբ ներծծված է Սկորսեզեի ձեռագրով, եւ ուստի ռեժիսորական առումով դրանում նորարարական ոչինչ չկա:
Սեմ Մենդեսը` իր «1917-ը» ռազմական դրամայով, կարող է ֆավորիտ համարվել. ֆիլմում մի շարք ռեժիսորական գտածոներ կան: Գլխավորն այն է, որ ֆիլմը, կարծես, ամբողջությամբ մի դուբլով է նկարահանված: Նկարահանման այսպիսի մեթոդը դժվար մարտահրավեր է ռեժիսորի եւ նկարահանող ողջ անձնակազմի համար, բայց Մենդեսը փայլուն կերպով գլուխ է հանել: Հենց այս ձեւի շնորհիվ էր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն 2015 թվականին «Օսկար» ստացել իր «Բըրդմեն» ֆիլմի համար: Եվ վերջում հիշեցնենք, որ Մենդեսն արդեն ստացել է «Ոսկե գլոբուսի», BAFTA-ի, «Քննադատների ընտրության» եւ «Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի» արձանիկները:
Քվենտին Տարանտինոն, թվում է, Մենդեսի միակ լուրջ մրցակիցն է: Քվենտինը ռեժիսոր է, որը, առաջին հերթին, հայտնի է իր սեփական ոճով, եւ դա կարող է իրեն զգալի հնարավորություն տալ այս անվանակարգում հաղթելու համար: Ասել, որ «Մի անգամ... Հոլիվուդում»-ը ամբողջովին ռեժիսորական ֆիլմ է, կնշանակի ոչինչ չասել: Ըստ էության, ֆիլմը ոչ այլ ինչ է, քան ռեժիսորի հարգանքի տուրք «ոսկե դարի» Հոլիվուդին (Կինոակադեմիան պարզապես պարտավոր է նշել այսպիսի ժեստը), որում իրենց դերասանական խաղով, խարիզմայով եւ հիանալի քիմիայով փայլեցին Բրեդ Փիթը եւ Լեոնարդո Դի Կապրիոն: Եվ, այո, ազնիվ լինենք` Տարանտինոն վաղուց արդեն արժանի է ռեժիսուրայի համար արձանիկի:
Աղբյուր՝ News.am