«Մնացել են բիզնես կարգեր ահռելի բարձր գներով». ինչ խնդիրներ ունեն Չինաստանից վերադարձող հայերը
Ամեն օր Չինաստանից միջինը 20-30 Հայաստանի քաղաքացի է վերադառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էկոնոմ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Դավիթ Տաշչյան, որը պարբերաբար շփումների մեջ է Չինաստանում գտնվող, վերադարձող եւ վերադարձած հայերի հետ:
«Անհնար չի այս պահին վերդառանալը: Կան դժվարություններ Չինաստանով մեկ տեղաշարժի հետ կապված, բայց, այնուամենայնիվ, այնպես չի, որ կրիտիկական է վիճակը: Քաղաքներ կան, որ մուտքը փակ է, բայց ելք կա այդ քաղաքներից: Հիմնական տագնապը մարդկանց շուտափույթ գալու մեջ է»,- ասաց նա՝ նշելով, որ հապճեպ տոմս գնելը խնդիրներ է առաջացնում, քանի որ էկոնոմ դասի տոմսերը սպառված են լինում, դրա հետեւանքով՝ գինը բարձրանում.«Մնացել են մի քանի բիզնես կարգեր, որոնց գները ահռելի մեծ են, խնդիրը դրանում է մոտակա օրերի հետ կապված»:
Դավիթ Տաշչյանի տեղեկությամբ՝ վերջին օրերին եղել են քաղաքացիներ, որոնք խնդիրներ են ունեցել կապված տարբեր ավիաընկերությունների չվերթների չեղարկմամբ Չինաստանի մի շարք քաղաքներից:
«Պետք է իմանան, որ եթե տեսնում են օնլայն համակարգերով թռիչքներ, դրանք սպասարկելու են միայն ՌԴ քաղաքացիների, եթե Պեկին, Շանհայ, Գուանչժոու քաղաքներից չեն: Թռիչքներ ունեցողներին հորդորել ենք, որ իրենք չեղարկեն թռիչքները նախապես, այս պահի տեղեկությամբ ամբողջական վերադարձ են ստանում տոմսերի»,- նշեց նա:
Դավիթ Տաշչյանը նշեց, որ կան նաեւ քաղաքացիներ, որոնք Հայաստան վերդառանալու մտադրություն առայժմ չունեն:
Նշենք, որ ՌԴ փովարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ կփակվեն գրեթե բոլոր օդային երթուղիները բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից: