Խոշոր ավտովթար Երևանում. Բախվել են թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները (Լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։