Գերմանիայի բնակիչը խցանում է ստեղծել GoogleMaps-ում՝ Բեռլինի փողոցներով 99 բջջային հեռախոս տանելով
Գերմանացի նկարիչ Սիմոն Վեկերտը կարողացել է վիրտուալ խցանում ստեղծել GoogleMaps ծառայությունում։ Դրա համար նա 99 բջջային հեռախոս է դրել սայլակի մեջ եւ այն քշել Բեռլինի փողոցներով, գրում է МК-ը։
Համակարգը հետեւել է հեռախոսների շարժմանը եւ որոշել է, որ դրանց տերերը՝ վարորդները, խցանման պատճառով դանդաղ են շարժվում։ Հաջորդ պահին, չնայած նրան, որ փողոցները ազատ են եղել, քարտեզի վրա դրանք կարմիրով են ներկվել։
Ընդ որում, ծառայությունն օգտագործող որոշ վարորդներ իսկապես կատարվածը խցանման տեղ են ընդունել եւ սկսել են փոխել երթուղին։
Վեկերտն այդպիսով ցանկացել է ուսումնասիրել, թե որքան ուժեղ է ժամանակակից աշխարհը կախված տեխնոլոգիաներից եւ գաջեթներից։