Խորհրդակցություններ Հայաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջեւ
Փետրվարի 3-ին Բեռնում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի պաշտոնակատար Քրիստինա Մարտի Լանգը (Krystyna Marty Lang)։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է եղել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այդ համատեքստում, շեշտվել է նախորդ տարում Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալների աճը։
Կողմերն անդրադարձել են Հայաստանում Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության գործունեությանը, քննարկել համագործակցության հաջորդ` 2021-2024 փուլում, Գործակալության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրային հիմնական ուղղություները։
Օրակարգում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն էր։
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։
Ավետ Ադոնցը Քրիստինա Մարտի Լանգին ներկայացրել է Հայաստանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը։