Հայ համայնքն անմասնակից չի մնացել Լիբանանի ներքաղաքական պրոցեսներին. խմբագիր
Լիբանանում հայ համայնքը անմասնակից չի մնացել երկրի ներքաղաքական պրոցեսներին: Այս մասին փետրվարի 4-ին տեսակապով հայտարարել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:
Նրա խոսքով՝ համայնքի ներկայացուցիչները եւս մասնակցում են բողոքի ակցիաներին, սակայն դա մասնավոր բնույթ է կրում եւ կազմակերպված չէ հայկական որեւէ կառույցի կողմից: «Ինչ վերաբերում է համայնքի գործունեությանը, ապա այն չի տուժել եւ չէր կարող տուժել՝ հաշվի առնելով այն, որ համարվում է տարածաշրջանում ամենակազմակերպված համայնքներից մեկը: Բացի այդ, համայնքն անհրաժեշտ փորձ է կուտակել քաղաքացիական պատերազմից հետո»,- նշել է նա:
Կանդահարյանը խոստովանել է, որ երկրում աննախադեպ ճգնաժամ է, քանի որ ճնշման ռազմական մեթոդները փոխարինվել են ֆինանսատնտեսական մեխանիզմներով: «Նման պայմաններում շատ կարեւոր է Հայաստանի եւ հայ համայնքի համատեղ գործունեությունը»,- հավելել է գլխավոր խմբագիրը:
Անդրադառնալով Լիբանանի քաղաքական իրավիճակին՝ նա նկատել է, որ ցուցարարները, ըստ էության, հասել են եւս մեկ նպատակի. ձեւավորվել է տեխնոկրատների կառավարությունը, որը, ինչպես ակնկալվում է, կգործի ի շահ երկրի: