Վլադիմիր Պոզները՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ իր վերաբերմունքի եւ այն մասին՝ ինչ է Միխայիլ Ժվանեցկին թողել Լացի պատի մոտ
Մոսկվայում՝ «Բիբլիո-Գլոբուս» առեւտրի տանը, Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ հեղինակի հետ։ Մոսկովյան հանրությունը հարցեր էր ուղղում հայտնի լրագրողին՝ հետաքրքրվելով բազմաթիվ թեմաների մասին նրա կարծիքով՝ ժամանակակից մեդիայի նկատմամբ նրա վերաբերմունքից մինչեւ բրիտանական Բրեքզիթ։ Հանդիպմանը միացել էին նաեւ լրագրողներ Երեւանից. հեռարաձկմանը հնարավոր էր հետեւել «Զանգակ» գրախանութում։
Հանդիպման մոսկովյան մասնակիցներից մեկը Վ. Պոզներին խնդրեց կիսվել Հայաստանի մասին հիշողություններով ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ մոտեցմամբ։ Պատասխանն առավելագույնս կոռեկտ էր, առանց ռեւերանսի այս կամ այն կողմին։ «Ես ամերիկանիստ եմ, եւ դա այն երկիրն է, որն ինձ շատ է հետաքրքրում։ Չեմ վախենա ասել՝ ես այն շատ լավ գիտեմ։ Ինձ շատ է հետաքրքրում նաեւ Եվրոպան, ես ծնվել են Փարիզում, ես Ֆրանսիայի քաղաքացի եմ... Նեղանաք, թե ոչ, ես չեմ կարող ասել, թե Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ինձ գրավում են, ինչպես եւ Վրաստանը եւ շատերը։ Արդյոք ես տեղյա՞կ եմ այդ կոնֆլիկտից։ Դուք գիտեք՝ այո՛, ես տեղյակ եմ։ Արդյոք ես հեղինակությո՞ւն եմ։ Ոչ։ Ես զգացողություններ ունե՞մ։ Ունեմ։ Բայց դրանք զգացողություններ են, ոչ ավելին։ Ես համակրանք ունե՞մ։ Այո՛։ Եվ ի՞նչ։ Ես շատ զգույշ եմ իմ արտահայտություններում... Հարկավոր է զգուշավոր լինել նրանում, ինչ ասում ես, քանի որ կարող ես վիրավորել մարդկանց։ Այն, ինչ տեղի է ունենում, ողբերգություն է։ Շատերն են զոհվել երկու կողմից էլ... Դրանում ոչ մի լավ բան չկա...»։
Վլադիմիր Պոզները պատասխանեց նաեւ NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին, որը հետաքրքրվեց. «Իսրայելի մասին հաղորդումների շրջանակներում, որոնք անում էիք Ւվան Ուրգանտի հետ, ասացիք, որ Երուսաղեմն ազգային հատկանիշով «չդիպավ» Ձեզ... Ինչո՞ւ»։ «Երբ առաջին անգամ Հռոմ գնացի, սարսափելի տապին հայտնվեցի։ Եվ ես Ֆորում գնացի, ուր գրեթե ոչ ոք չկար։ Եվ գիտեք, ցնցող զգացում էր։ Ես մտածեցի. ահա ես, ահա՝ որտեղ է ինձ գրավում։ Ահա, թե որտեղից եմ ես... Մարմնովս սարսուռ անցավ։ Ես գտա՝ որտեղից եմ։ Իսկ ավելի ուշ հայտնվեցի Երուսազեմում եւ եղա Լացի պատի մոտ, որն ինձ վրա մեծ տպավորություն գործեց։ Բայց չգրավեց։ Չկար զգացողությունը, որ դա իմն է»։
Վերջում Պոզները զվարճալի պատմություն հիշեց. «Այնտեղ՝ Լացի պատի մոտ, ինչպես գիտեք, կարելի է խնդրանք պարունակող թուղթ թողնել։ Ես չթողեցի։ Իսկ իմ ընկերը՝ Միխայիլ Միխայլովիչ Ժվանեցկին, թողեց։ Ես նրան հարցրի. «Միշա, իսկ ի՞նչ ես գրել»։ Նա պատասխանեց. «Հեռախոս...»»։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա գարնանը Վլադիմիր Պոզները ժամանել է Երեւան «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակներում։