Լապշով, դու իսկապե՞ս Լապշինը չես. Ադրբեջանում զույգին կալանավորել են՝ համարելով բլոգերի ազգականներ
Ադրբեջանում զույգին կալանավորել են՝ համարելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազգականներ: Այս անհեթեթ պատմության մասին իր ֆեյբուքյան էջում հայտնել է ինքը՝ Լապշինը:
«Լապշովներ հարգարժան զույգը որոշել է այցելել արեւոտ Ադրբեջան: Նրանք նույնիսկ պատկերացնել չէին կարող, թե իրենց ինչ սպասում մեծ նավթի երկրում: Ժամանում են Բաքվի օդանավակայան, գնում են անձնագրային ստուգման, եւ հանկարծ նրանց այնտեղ ձերբակալում են, վերցնում են անձնագրերը եւ հեռանում: Հետո հարցեր են տալիս՝ «Դուք Լապշիննե՞րն եք»: Ադրբեջանցի սահմանապահները վազում են շուրջբոլորը, դեսուդեն են ընկնում, ինչ-որ տեղ զանգում: Իսկ զույգը չի կարողանում հասկանալ, թե ինչ է պատահել:
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ նրանք ընդհանրապես իմ մասին չէին լսել, ոչ մի բան չգիտեին Մինսկում իմ կալանավորվելու եւ Բաքու արտահանձնելու մասին՝ Ղարաբաղ տուրիստական ուղեւորություն կատարելու պատճառով, ոչ մի բան չգիտեին նաեւ ինձ սպանելու փորձի մասին: Ադրբեջանցիները չեն հանդարտվում՝ «Լապշով, Լապշին… Դուք իսկապե՞ս Լապշինները չեք»: Դե, ախր ո՛չ, մենք Լապշովներն ենք: Ոչ մի Լապշինի չենք ճանաչում:
Արդեն ծիծաղելի չի դառնում, ապուշ արկածը ձգվում է, երեխաները լաց են լինում, ադրբեջանցիները վազվզում են ու բղավում: Արդյունքում նրանց, փառք Աստծու, ազատեցին, եւ նրանք մի քանի օր անցկացրին Բաքվում: Տուն վերադառնալով՝ նրանք որոշեցին համացանցում որոնել, թե այդ ինչ խորհրդավոր Լապշին է, որի պատճառով Բաքվի օդանավակայանի բոլոր սահմանապահները խուճապի մեջ վազում էին եւ ինչ-որ տեղ զանգում: Նրանք առանց դժվարության գտան իմ բլոգը, կարդացին ինչն ինչոց է: Այդպես էլ ծանոթացանք: Լապշովները հանդիպեցին Լապշինի հետ եւ հիշատակի լուսանկար կատարեցին»,- պատմել է Ալեքսանդր Լապշինը: