Ովքե՞ր են հետազոտվելու կորոնավիրուսը հայտնաբերող թեստերով
Հայաստանն արդեն ունի կորոնավիրուսը հայտնաբերելու անհրաժեշտ թեստը։ 200 թեստ ստացվել է Ռուսաստանի կողմից որպես օգնություն։ Նախատեսվում է եւս մեկ խմբաքանակի ներկրում, որը կգնվի Չինաստանից։ Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը եւ վիրուսոլոգիական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը։
Իսկ ովքե՞ր են հետազոտվում այս թեստերով։
Մասնագետները նշեցին, որ հետազոտության են ենթարկվելու այն անձինք, ովքեր արդեն ունեն հիվանդության ախտանիշներ եւ եղել են Չինաստանում կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդ անձի հետ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում թեստն անցնելն անվճար է, սակայն մասնագետն ընդգծեց, որ այն կիրառվում է միայն վիրուսի կասկածի դեպքում, իսկ ուղղորդումը պետք է լինի բուժող բժշկի կողմից։ Այսինքն յուրաքանչյուր ցանկացող չի կարող գնալ լաբորատորիա եւ ստուգվել։
«Մարդը, ով եկել է Չինաստանից, մուտք գործելիս հասցեական թերթիկներ է լրացնում, եւ իր նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն։ Եթե ինչ-որ մեկն ունի սիմպտոմներ եւ եղել է Չինաստանում, նա պետք է դիմի իր բուժող բժշկին, կամ այն անձանց, ովքեր իր նկատմամբ հսկողություն են իրականացնում, որից հետո բժիշկը կզննի, եւ նմուշը արդեն կուղղորդի լաբորատորիա»։
Մասնագետներիի խոսքով՝ լաբորատորիա հասնելուց հետո 3-4 ժամում պատասխանը պարզ է դառնում։ Թեստն ունի բարձր զգայունություն եւ 99 տոկոսով ճշգրիտ է։
Հիշեցնենք, որ մեկ հետազոտություն այս թեստերով արդեն իսկ իրականացվել է եւ ստացվել է բացասական պատասխան՝ այսինքն տվյալ անձը կորոնավիրուս չի ունեցել։ Նա եղել է Չինաստանում, վերադարձել է Հայաստան եւ ունեցել է ջերմություն։