Լոնդոնը 26 մլն դոլար է հատկացրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման միջազգային կոալիցիային
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 20 մլն ֆունտ սթերլինգ (26,4 մլն դոլար) է հատկացրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման արագացման համար: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության երկուշաբթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս միջոցներն ուղղվում են Միջազգային կոլիցիային համաճարակներին պատրաստվածության ոլորտում ինովացիաների (CEPI) համար, որը ներառում է պետական, մասնավոր եւ բարեգործական կազմակերպություններ: Համաճարակների կանխման նպատակով պատվաստանյութերի մշակման համար այս կազմակերպության ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին Դավոսում:
CEPI-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Հեթչեթի խոսքով՝ կազմակերպությունը հույս ունի պատվաստանյութը ստանալ 16 շաբաթվա ընթացքում: Ըստ նրա՝ դրան հաջորդող կլինիկական ստուգման փուլն էլ կտեւի առնվազն 2-4 ամիս: «Այս ոլորտում սա չափազանց հավակնոտ ժամանակացույց է»,- նշել է Հեթչեթը: «Եթե մենք նույնիսկ հաջողության հասնենք, իսկ այս դեպքում երաշխիքներ չկան, ապա մեր առջեւ կարող են ծառանալ այլ խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել մինչեւ պատվաստանյութի լայնորեն հասանելի լինելը»,- հավելել է նա: