Թուրքիայում ինֆլյացիան արագացել է երրորդ ամիսն անընդմեջ
Թուրքիայում հունվարին ինֆլյացիան արագացել է երրորդ ամիսն անընդմեջ՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները: Թուրքիայում հունվարին սպառողական գները տարեկան արտահայտությամբ աճել են 12,15 տոկոսով 2019 թվականի դեկտեմբերի 11,8 տոկոս աճից հետո: Այս մասին վկայում են Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալները, փոխանցում է Vesti-ն:
Bloomberg-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինը կանխատեսել էին ինֆլյացիայի մինչեւ 11,9 տոկոս արագացում: Նախորդ ամսվա հետ համեմատած՝ հունվարին սպառողական գներն աճել են 1,35 տոկոսով: Հունվարին ինֆլյացիայի արագացումը պայմանավորված էր ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի գների դինամիկայով, որոնք բարձրացել էին տարեկան արտահայտությամբ 42,2 տոկոսով:
Սննդամթերքի գնաճը հունվարին դանդաղել է մինչեւ 9 տոկոս՝ նախորդ ամսվա 10,9 տոկոսից: Հիմա աճի տեմպերը Կենտրոնական բանկի տարեվերջյան 11 տոկոս կանխատեսումից ցածր են:
Բազային ինդեքսը, որը հաշվի չի առնում սննդամթերքի եւ էներգակիրների անկայուն գները, աճել է մինչեւ 9,9 տոկոս:
Արտադրողների ամսական արտահայտությամբ գնաճը հունվարին արագացել է 0,7 տոկոսից մինչեւ 1,8 տոկոս:
Ինֆլյացիայի արագացումը կարող է Թուրքիայի Կենտրոնական բանկին ստիպել կասեցնել դրամավարկային քաղաքականությունը մեղմելու ցիկլը:
Կարգավորողը հունվարին շաբաթական ՌԵՊՈ-ի տոկոսադրույքը 12 տոկոսից նվազեցրել է մինչեւ 11,25, որն ամենազուսպ քայլն էր հուլիսին դրամավարկային քաղաքականության մեղմման մեկնարկից: Սա ցույց է տալիս այն, որ ռեցեսիայից հետո տնտեսության վերականգնմանը զուգահեռ դրամական խթանումը կրճատվում է:
Ինֆլյացիան 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո ավելի քան 25 տոկոս բարձրակետից նվազել է, որի հետեւանքով թուրքական լիրան գրեթե 30 տոկոսով արժեզրկվել էր: Դրան հաջորդած ռեցեսիան հանգեցրել էր նրան, որ 2019 թվականին տնտեսական աճը գործնականում դադարել էր: Կենտրոնական բանկը ճգնաժամին արձագանքել էր տոկոսադրույքը մինչեւ 24 տոկոս մակարդակ բարձրացնելով՝ այդ նիշին մնալով մինչեւ անցյալ տարվա հուլիս:
Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերաբերյալ հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: