Ադրբեջանը կստորագրի միայն իրեն ձեռնտու փաստաթուղթ կամ կկրակի. փորձագետ
Ադրբեջանը բանակցային գործընթացում վաղուց է «կարմիր գիծ» քաշել եւ չի պատրաստվում այն խախտել: Բաքուն կստորագրի միայն այն փաստաթուղթը, որն այս շրջանակում է կամ էլ կրակելու է, ինչի մասին բազմիցս ասել է եւ ցուցադրել 2016 թվականին: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Նա նշեց, որ Բրատիսլավայում հայաստանի ԱԳ նախարարի պատասխանն, ըստ էության, եւս մեկ անգամ ցույց տվեց հայկական կողմի կարմիր գծերը՝ այն հավելումով, որ լուծումը պետք է ընդունելի լինի, Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար: «Սա հանրության շրջանում մի շարք հարցեր է առաջացնում՝ մենք ինչո՞ւ պետք է մտածենք Ադրբեջանի շահերի մասին, եւ հայկական կողմն այդ ինչպիսի՞ լուծում է գտել, որն ընդունելի կլինի երեք կողմերի համար: Եթե սա ընդամենը ցանկությունների մակարդակում է, ապա անհրաժեշտ է հիշել, որ իրականությունն այլ է, եւ լուծումը հիմնված է լինելու փոխադարձ զիջումների վրա: Դրանք անչափ ցավոտ կլինեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար»,- պարզաբանեց Էլիբեգովան:
Փորձագետը հավելեց, որ առայժմ անհնար է ասել, թե հանրությանն ինչ փաստաթուղթ է ներկայացվելու, եթե դրա վրա աշխատանք է տարվում, եւ այն որքանով կհամապատասխանի հայկական կողմի շահերին:
Նա անընդունելի է համարում լրատվամիջոցին հղում կատարելով՝ ինչ-որ նյութի հրապարակումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց Կապանում: «Առաջին՝ եթե համանախագահներն ասում են, որ բանակցությունները գաղտնի բնույթ են կրում, ապա այդ պայմանը պետք է պահպանել: Երկրորդ՝ եթե ինչ-որ փաստաթուղթ է բերվում, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ այն մասը, որը վերաբերում է հայկական կողմին, եւ օբյեկտիվություն պահպանել: Երրորդ՝ անընդունելի է ամեն ինչ անել լրատվամիջոցին հղմամբ՝ հաշվի առնելով, որ Բաքուն ցանկացած առիթ օգտագործում է իր քարոզչությունն առաջ մղելու համար: Այդպիսի առիթ դարձավ, օրինակ, հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման հարցում Երեւանն ու Ստեփանակերտը միատեսակ դիրքորոշում ունեն: Ինչպես հիշում ենք, ի պատասխան սրան Ադրբեջանը հայտարարեց, որ եթե դիրքորոշումներում տարբերություններ չկան, ապա ինչ իմաստ ունի բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունը»,- շեշտեց Անժելա Էլիբեգովան:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի խնդիրը միայն այն է, որ Ղարաբաղը վերադարձնի բանակցությունների սեղան, այլ ոչ այն, որ, օրինակ, Ղարաբաղի նախագահի թեկնածուներին հարցնի՝ ի՞նչ են մտածում կարգավորման մասին, ինչպես արվեց Կապանում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ: