ԱՄՆ-ում կորոնավիրուսի արդեն 11 դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի արդեն 11 դեպք է հաստատվել, դեպքերից 6-ը՝ Կալիֆոռնիա նահանգում:
Վիրուսը վերջերս հայտնաբերվել է Ուհանից ժամանած ամուսինների մոտ: Օդանավակայանում նրանց զննել են, սակայն որեւէ ախտանիշ չեն հայտնաբերել: Հաջորդ օրը տղամարդու մոտ հազ է սկսվել, ջերմությունը բարձրացել է: Մի քանի օր անց ախտանիշները նկատվել են նաեւ կնոջ մոտ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւս մի քանի ինքնաթիռ կուղարկի Չինաստան՝ իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Մինչ այդ ԱՄՆ-ը տարհանել է իր 200 քաղաքացիներին:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը բարձրացրել է Չինաստան ուղեւորությունների վտանգի մակարդակը՝ հասցնելով մինչեւ Աֆղանստանի եւ Իրաքի մակարդակին:
Միեւնույն ժամանակ, Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է վիրուսի վտանգը չափազանցնելու մեջ:
«Շատ երկրներ գնահատում եւ աջակցում են Չինաստանի ջանքերին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, եւ մենք հասկանում ու հարգում ենք նրանց, երբ նրանք սահմանափակումներ են մտցնում իրենց սահմաններին կարանտինի շրջանակում: Սակայն որոշ երկրներ, մասնավորապես, ԱՄՆ-ը ոչ ադեկվատ են արձագանքում՝ չնայած ԱՀԿ խորհուրդներին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը որեւէ էական աջակցություն չի ցուցաբերել Չինաստանին, դրա փոխարեն՝ առաջինն է սկսել տարհանել Ուհանից հյուպատոսության աշխատակիցներին, հետ է կանչել դեսպանատների աշխատակիցների մի մասին եւ սահմանափակումներ է մտցրել Չինաստանից ճանապարհորդների մուտքի համար: Եվ այդ ամենը միայն նպաստել է վախի եւ խուճապի տարածման համար:
Չունինը նաեւ հիշեցրել է, որ 2019-2020 թվականներին գրիպը ԱՄՆ-ում 19 մլն մարդու է վարակել եւ սպանել առնվազն 10 000-ի: Համեմատության համար՝ ամբողջ աշխարհում այսօր գրանցվել է նոր կորոնավիրուսի 17 205 դեպք, որից 11-ը՝ ԱՄՆ-ում:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում նույնիսկ փորձագետներն ու ԶԼՄ-ները ԱՄՆ-ի կառավարության սահմանած միջոցներն ու սահմանափակումները մարդու իրավունքների խախտում են համարում: Կանադան, նրա խոսքով, չի պատրաստվում հետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ մուտքի սահմանափակումներ մտցնել, քանի որ դրա համար հիմքեր չկան: