Թուրքիան Իդլիբում 40 թիրախների է հարվածել՝ ի պատասխան թուրք զինվորականների հրետակոծության
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները, ինչպես նաեւ հրետանային հաշվարկները Իդլիբում հարվածել են 40 թիրախների՝ ի պատասխան թուրք զինվորականների հրետակոծության: Այս մասին Անկարայում Ուկրաինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքական F-16 կործանիչները եւ հաուբիցները շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի թիրախների ուղղությամբ: 40 թիրախների ուղղությամբ հարվածների արդյունքում չեզոքացվել է 30-35 սիրիացի»,- ասել է նա: Էրդողանը, սակայն, չի նշել է, թե արդյոք «չեզոքացրած սիրիացիները» սիրիական բանակի ներկայացուցիչներ են:
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Իդլիբում թուրքական զորքերի գնդակոծումից հետո թուրքական եւ ռուսական զինված ուժերը շփման մեջ են:
«Մենք շարունակում ենք մեր գործողությունները: Մենք Ռուսաստանին խնդրել ենք չխոչընդոտել Իդլիբում Անկարայի գործողություններին»,- հավելել է Էրդողանը:
Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել Իդլիբում վերջին միջադեպը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Անհրաժեշտության դեպքում ես կզանգեմ իմ զրուցակցին եւ կնշեմ այդ թեմայի լրջությունը»,- հավելել է Էրդողանը: