Ռուսաստանում անհրաժեշտ ամեն ինչ կա կորոնավիրուսից պաշտպանվելու համար. վարակված օտարերկրացիները կտարհանվեն. Միշուստին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար Ռուսաստանում կան անհրաժեշտ բոլոր դեղերը եւ միջոցները:
«Ռուսաստանում հիմա կան անհրաժեշտ բոլոր դեղերը եւ պաշտպանության միջոցները: Կարեւոր է, որ մարդիկ դրանցով լիովին ապահովվեն, եւ իհարկե, որ գները մնան նախկին մակարդակին: Սրան հետեւել է հանձնարարվել Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը եւ Ռոսզդրավնադզորին»,- նշել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ կորոնավիրուսին հակազդելու ՌԴ-ում ընդունված միջոցները նախատեսում են դրանով վարակված օտարերկրացի քաղաքացիների տարհանում:
«Հիմա այն (նոր վարակը) ավելացվել է առանձնապես վտանգավոր հիվանդությունների ցանկի մեջ: Սա թույլ կտա իրականացնել օտարերկրյա քաղաքացիների տարհանում, եթե նրանց մոտ այդպիսի հիվանդություն հայտնաբերվի, եւ հատուկ ահմանափակող միջոցառումներ կիրառել, այդ թվում՝ մեկուսացում եւ կարանտին»,- ասել է Միշուստինը երկուշաբթի կառավարության օպերատիվ խորհրդակցության ժամանակ: