«Պատվաստումներից հրաժարվում են»․ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական այլ վարակների դեպքերի ակտիվացում է (Տեսանյութ)
«Սուր շնչական վարակների սեզոնային ակտիվացում է դիտվում ՝ այդ թվում նաև գրիպի դեպքերի ակտիվացում․ դեռ նոյեմբերից Առողջապահության նախարարության կողմից բոլոր համապատասխան հրահանգները ստացել ենք և ունենք բավարար քանակի պատվաստանյութեր, ինչպես նաև բժիշկներն էլ տեղեկացված են, թե երբ և որ տարիքային խմբերին պետք է պատվաստեն և ըստ ժամանակացույցի և գրանցամատյանի պլանավորումների՝ հրավիրում են պացիենտներին ու իրականացնում են պատվաստումը։ Այդ խմբերի մեջ են մտնում 0-ից մինչև 5 տարեկան երեխաները, նորակոչիկները, ովքեր այս ամսին պետք է զորակոչվեն բանակ, հղի կանայք, 65 տարեկանից բարձր մեծահասակները, ինչպես նաև խրոնիկ դիսպանսեր հսկողության տակ գտնվող անձինք։ Բացի սահմանված այս խմբերից, այլ մարդիկ ևս, ովքեր ցանկություն ունեն պատվաստվելու գրիպի դեմ՝ նրանք նույնպես կարող են դիմել և համապատասխան պատվաստանյութը ստանալ և այս ամիսների ընթացքում արդեն իսկ ունեցել ենք նաև նման քաղաքացիներ ու նրանց թիվն էլ բավականին մեծ է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկության գծով փոխտնօրեն Անահիտ Պիվազյանը՝ անդրադառնալով սեզոնային բնույթ կրող սուր շնչառական վարակների ակտիվացմանը։
Բժշկուհու տեղեկացմամբ՝ օրական կտրվածքով շուրջ 30 պացիենտ պատվաստվում է գրիպի դեմ։
«Մինչ այսօր արդեն 700 դոզա պատվաստանյութ է կիրառվել, որովհետև դիմողների թիվը բավականին մեծ է և ի տարբերություն նախորդ տարիների՝ հետզհետե աճում է։ Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր կտրականապես հրաժարվում են թե´ իրենք, թե´ իրենց երեխաներին պատվաստել և դրա համար շատ անհիմն պատճառաբանություններ են ներկայացնում, բայց քանի որ մեր երկրում պատվաստումները կամավոր սկզբունքով են, հետևաբար մենք չենք կարող նրանց պարտադրել, այլ պարզապես առաջարկում ենք, խորհուրդ ենք տալիս դիմել այդ կանխարգելիչ քայլին՝ չվարակվելու կամ հետագա բարդություններից խուսափելու համար»,-նշեց Անահիտ Պիվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։