Գերմանիայում էկոակտիվիստները գրավել են ածխահանքը
Գերմանիայի արեւմուտքում նոր ածխային էլեկտրակայանի տարածքում անցկացվել են նոր բողոքի ցույցեր ընդդեմ էներգակիրների հանածո տեսակների օգտագործման, գրում է DW-ը:
Կիրակի՝ փետրվարի 2-ին, ակտիվիստները պահանջել են անհապաղ հրաժարվել ածխից եւ անհամաձայնություն հայտնել Գերմանիայի կառավարության ընդունած՝ մինչեւ 2038 թվականը վերականգնվող էներգետիկային անցնելու ծրագրի հետ:
Ընդ որում՝ ավելի քան 100 մարդ ուժ գործադրելու միջոցով ներխուժել է էլեկտրակայանի տարածք, որն ըստ նախագծի՝ պետք է շահագործման հանձնվեր ընթացիկ տարում, եւ զբաղեցրել է երկու վերամբարձ կռունկ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը՝ ի պատասխան epd գործակալության հարցման: Նրա խոսքով՝ ցուցարարների գործողությունները օրենսդրության խախտում են:
Իսկ Ende Gelände քաղաքացիական անհնազանդության շարժումը, որը կազմակերպել է ակցիան, օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը վերագրել է ածխային էներգետիկային եւ դա սատարող քաղաքական գործիչներին: «Հաշվի առնելով կլիմայական ճգնաժամը՝ հանցագործությունը նոր էլեկտրակայանի շահագործումն է: Խոշոր իրավախախտումները ներկայումս կատարում են ոչ թե կլիմայական ակտիվիստները, այլ հանածոների վրա հենված արդյունաբերությունն ու դրա քաղաքական դաշնակիցները»,-հայտարարել է շարժումն իր թվիթերյան էջում:
Ըստ ակտիվիստների՝ ներկայիս կառավարության կողմից նախապատրաստված ածխային արդյունաբերության մասին օրենքն իսկական աղետ է:
Ende Gelände-ի տեղեկություններով՝ ակտիվիստները սկսել են ցրվել, իսկ մի քանիսին տարել են ոստիկանները: «Կլիմայական ճգնաժամի ժամանակ ոստիկանության կողմից հանածո տեսակի էներգակիրների վրա հարստացող ընկերությունների շահերի պաշտպանությունն անպատասխանատու է»,-ընդգծում են ակտիվիստները: Շարժման տվյալներով՝ ակցիայում մասնակցել է շուրջ 150 ակտիվիստ: Բողոքի ցույցերի հետ միաժամանակ ածխային էլեկտրակայանի տարածքի մյուս մասում անցկացվել է պիկետի տեսքով ուրիշ բողոքի ակցիա: