Վայոց Ձորում ճանապարհի մերկասառույցի պատճառով 23-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել (Լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում աշխատող քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վրաերթ կատարած վարորդի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են. «Վրաերթի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և երբ Ford Transit-ի վարորդը տեսել է, որ այլևս չի կարողանում մեքենան վարել, կանգնել է ու փորձել է կարգավորել ավտոմեքենան և մահացածը օգնության ձեռք է մեկնել նրան՝ տալով երկաթե անվաշղթաներ, որպեսզի վարորդը անվահեծանները ամրակապի և Լ. Մաչկալյանը, ընկնելով սահքի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վրաերթի է ենթարկել 23-ամյա Մ. Մուրադյանին»: