Պարոն Աճեմօղլուի գաղափարները ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է. Ռուստամ Բադասյան
Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները եւ ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկումից առաջ լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները եւ ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է, խոսվեց նաեւ հակակոռուպցիոն դատարանի մասին, խոսվեց դատական համակարգում խորքային բարեփոխումների մասին, թե սահմանադրական փոփոխություններով, թե դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված այլ միջոցառումներով եւ կրկին տեսնում եք վերջին արձագանքները բոլոր միջազգային կառույցների, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ այլն: Այնպես որ մենք ամբողջությամբ այսպես նույն գծի վրա ենք»:
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմադիրները ասում են, որ իրենց ասածն ու քայլերը իրար չեն համապատասխանում, նախարարը նկատեց. «Դե ընդդիմադիրները միշտ կարող են իրենց մեկնաբանությունը ասել, ազատ է իրենց խոսքը, դրա համար ես վկայակոչեցի միջազգային կառույցների գնահատականը, կարող եք նայել ինչպիսի արձագանք է հակակոռուպցիոն եւ դատաիրվական ռազմավարություններին վերջինիս կողմից»: