Հինհունական Ասկլեպիոս տաճարում հայտնաբերել են անհայտ ծագման 2600-ամյա օբյեկտ
Հնագիտական արշավախումբը, որի շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են Էպիդավրոսում Ասկլեպիոս հինհունական տաճարը, ավարտվել է նախկինում ոչ հայտնի շինության բացահայտմամբ: Greek Reporter պարբերականի տեղեկություններով՝ հետազոտողները դեռեւս չեն կարողացել պարզել այդ օբյեկտի նշանակությունը, հաղորդում է Planet- today-ը:
Էպիդավրոսում Ասկլեպիոս տաճարում պեղումները իրականացվում են 2016 թվականից. հետազոտությունը ղեկարավում են Աթենքի համալսարանի պատմության եւ հնագիտության ամբիոնի աշխատակիցները: Տաճարը, ինչպես համարվում էր մինչեւ վերջերս, լիովին ուսումնասիրված էր, սակայն նոր գտածոն ունակ է փոխել հին սրբատեղու մասին պատկերացումները:
Հայտնաբերված շինությունը թվագրվում է մ.թ.ա. 600 թվականին: Առ այսօր գիտնականները համարել են, որ Էպիդավրոսում սկսել են պաշտել բժշկության աստված Ասկլեպիոսին ոչ շուտ, քան մ.թ.ա. 550 թվականը: Համապատասխանաբար, գիտնականները դժվարանում են ասել, թե ինչ գործառույթներ է իրականացրել հայտնաբերված շենքը:
Աթենքի համալսարանից պրոֆեսոր Վասիլիս Լամպրինուդաքիսը համարում է, որ հայտնաբերված շինությունը կարող էր լինել Թոլոսի՝ տաճարում ամենակարեւոր վայրի նախահայրը: «Կարելի է ենթադրել, որ այդ շինությունը կատարել է գրեթե նույն գործառույթները, որոնք ավելի ուշ ստանձնել է Թոլոսը: Այսինքն՝ դա երկրի վրա Ասկլեպիոսի գտնվելու վայրն է: Սակայն մենք դեռեւս չենք կարող վստահաբար պնդել դա. անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ»,-ասում է գիտնականը: