Էնթոնի Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին փոխանցել է Հայաստան այցելելու Նիկոլ Փաշինյանի հրավերը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոմին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան, հաղորդում է «Ասպարեզը»՝ վկայակոչելով սենատոր Պորտանտինոյի գրասենյակը:
Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գեւին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առեւտրային պատմական հուշագիր Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ: Այդ հանդիպմանը, ըստ ամենայնի, ջերմ ու դրական հարաբերություններ են հաստատվել նրանց միջեւ:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ Սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել ինչպես Երեւանում, այնպես էլ Սակրամենտոյում, հետեւաբար խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին:
Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին հուշագրի ստորագրումից հետո Պորտանտինոն եւ նահանգապետ Նյուսոմը առանձին մասնավոր հանդիպում են ունեցել Փաշինյանի հետ եւ քննարկել Կալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հարցերը:
«Ինձ համար մեծ պատիվ էր վարչապետ Փաշինյանի հրավերը նահանգապետին փոխանցելու հնարավորություն ունենալը: Ես ուրախ եմ, որ նախորդ տարի հանդիպել եմ ՀՀ վարչապետին Երեւանում, Լոս Անջելեսում, ապա նաեւ Նյու Յորքում: Ես հույս ունեմ, որ նահանգապետը կընդունի Հայաստան այցելելու առաջարկը»,-ընդգծել է Պորտանտինոն: