ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առաջիկա 5 տարվա համագործակցության ռազմավարությունը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առաջիկա 5 տարվա համագործակցության ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՎԶԵԲ ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Նրա խոսքով՝ ռազմավարությունը ներառում է բոլոր այն ոլորտները, որոնցում ՎԶԵԲ-ը կարող է նոր պրոդուկտներ եւ գործիքներ ներկայացնել: «Վստահ եմ, որ սա ամենաամբիցիոզ ռազմավարությունն է, որը մեզ թույլ կտա օգտագործել Հայաստանում մեր ծրագրերի եւ հնարավորությունների ամբողջ սպեկտրը»,- ասել է Գվինդաձեն: Հայաստանում բանկի գործունեության կետերից մեկը ծրագրերի իրականացումն է, որոնք ուղղված են մասնավոր սեկտորի մրցունակության ամրապնդմանը, կառավարման որակի լավացմանն ու բիզնես միջավայրի լավացման ուղղությամբ բարեփոխումների աջակցմանը: Կիրականացվեն նաեւ ծրագրեր կայուն ենթակառուցվածքների խթանման եւ «կանաչ տնտեսության» անցումն ապահովելու ուղղությամբ:
Գվինդաձեի խոսքով՝ բանկի առաջնահերթությունն է ապահովել անցումը «էկոլոգիական տեսանկյունից մաքուր եւ պատասխանատու հանքարդյունաբերության»: «Մենք պատրաստ ենք այդ հարցում աջակցել Հայաստանի կառավարությանը»,- հայտարարել է նա: Հայաստանում ՎԶԵԲ գործունեության եւս մեկ ոլորտ է էներգետիկ ոլորտը: Գվինդաձեն էներգետիկ ծրագրերի ավելացման հույս է հայտնել:
«Կարծում եմ՝ էներգետիկայի ոլորտում ծրագրերը կավելանան, քանի որ մենք այժմ քննարկում ենք այդ ոլորտում բազմաթիվ ծրագրեր: Շուտով 55 մՎտ հզորությամբ «Մասրիկ» հելիոկայանի համաֆինանսավորման մասին համաձայնագիր կստորագրվի: Դա կովկասյան տարածաշրջանում նման առաջին նախագիծն է»,- ասել է նա՝ նշելով, որ ՎԶԵԲ-ը ծրագրում է նաեւ ուսումնասիրել Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունները:
Առաջիկա 5 տարում ՎԶԵԲ-ը մտադիր է նաեւ աջակցել լոգիստիկայի, տրանսպորտի եւ ջրային ենթակառուցվածքների ոլորտներում խնդիրների լուծմանը: