Ամեն օր Չինաստանից Հայաստան է գալիս 20-30 մարդ. համաճարակաբան
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ամեն օր Չինաստանից Հայաստան է գալիս 20-30 մարդ։ Նրանց մեծ մասը հայեր են։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց օդանավակայանի հսկիչ բուժանցակետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հետ կապված՝ օդանավակայանում չափվում է բոլոր ուղեւորների ջերմությունը հեռահար ջերմաչափի օգնությամբ, անկախ այն բանից, թե որ երկրից է նա գալիս։ Հասկանալի է, հատուկ ուշադրություն է դարձվում նրանց, ովքեր գալիս են Չինաստանից։
Համաճարակաբանի խոսքով՝ նրանք գործընկերների հետ նախապես իմանում են, թե որ չվերթում կան մարդիկ Չինաստանից։ Ավելին, մինչեւ վայրէջքը ինքնաթիռների անձնակազմերը համաճարակաբաններին տեղեկացնում են այն մասին, թե կան արդյոք իրենց օդանավերում վարակի նշաններով ուղեւորներ։ Եթե այո, նման մարդկանց անմիջապես մեկուսացնում են եւ տեղափոխում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Մասնագետի խոսքով՝ նման մեկ դեպք վերջին օրերին արդեն եղել է. ջերմություն եւ վատ ինքնազգացողություն ունեցող ուղեւորին հոսպիտալացրել են, բայց Չինաստանում նա չէր եղել եւ կորոնավիրուս չուներ։
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ջերմություն եւ այլ ախտանշաններ չուեն, նրանց հանդեպ սահմանվում է հսկողություն 14 օրվա ընթացքում։
Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր առայժմ չկան, բայց անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի կասկածանքով պացիենտների կենսաբանական նմուշները կուղարկվեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել վիրուսի առկայությունը։