Արդիականացվել է Հրազդանի լուսավորության համակարգը
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակներում, արդիականացվել է Հրազդանի լուսավորության համակարգը: Քաղաքի խնդիրը գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել 2019 թվականին: Իրականացված աշխատանքների շնորհիվ, այս տարի արդեն, քաղաքի Սահմանադրության հրապարակում, շատրվաններով պուրակում և հարակից կենտրոնական փողոցներում էական փոփոխություն է արձանագրվել: Ցածր լուսատվությամբ ու ավելի ծախսատար՝ լյումինեսցենտ լամպերով աշխատող լուսարձակները փոխարինվել են ժամանակակից ամենաէներգախնայող ու կայուն լուսավորության միջոցներով՝ լուսադիոդային (LED) լուսարձակներով:
Նախկին՝ 105 և 150 Վտ հզորությամբ թվով 101 լուսարձակները փոխարինվել են 60 և 80 Վտ հզորությամբ լուսադիոդային (LED) լուսարձակներով: Նախնական հաշվարկներով, դրա արդյունքում շոշափելի խնայողություն կլինի: Մեկ ժամում կտնտեսվի 5,2 ԿՎտ էլեկտրաէներգիա, ինչը դրամային հաշվարկով մեկ տարվա կտրվածքով կկազմի շուրջ կես միլիոն դրամ: Համայնքային բյուջեի զգալի խնայողություն կլինի նաև լուսադիոդային (LED) լուսարձակների «երկարակեցության» հաշվին: Շահագործման ընթացքում շարքից շուտ դուրս եկող նախկին լամպերի հաճախակի փոխարինման անհրաժեշտություն այլևս չի լինի:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ու համայնքի բնակիչներ: