Անի Քոչարը` Արման Մուշեղյանի հարազատների մասին
Operativ.am-ն ընթերցողներին խոստացել էր պարբերաբար տեղյակ պահել «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հարազատների մասին, ովքեր Վրաստանում ավտովթարի էին ենթարկվել:
«Մեզ ասել էին, որ Արմանի հարազատների ստացած վնասվածքները թեթև էին, սակայն պարզվեց լուրջ խնդիրներ կան: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը' Արմանի` Վրաստանում վթարի ենթարկված հորեղբայրների առողջական վիճակի մասին:
Անին մեզ տեղեկացրեց, որ հորեղբայրներից Վահագն Մուշեղյանը լուրջ վիրահատության է ենթարկվել' ողնաշարի հետ կապված խնդիրներ են եղել, անգամ կասկածի տակ է քայլել-չքայլելու հարցը: Նա առայժմ գտնվում է Վրաստանում:
Մյուս հորեղբայրը' Վազգեն Մուշեղյանը, ստացել է կողոսկրերի կոտրվածքներ, սալջարդեր: Նա երկարատև բուժում կանցնի:
Անի Քոչարը մեզ հայտնեց, որ Արմանը ևս հորեղբայրների հետ եղել է Մոսկվայում և նրանց հետ պետք է վերադառնար, սակայն անհետաձգելի գործերի պատճառով ինքնաթիռով է վերադարձել: «Իհարկե, շատ վատ է, որ դեպքը տեղի է ունեցել, բայց գոնե լավ է, որ Արմանը մեքենայի մեջ չի եղել, քանի որ եթե նա գար մեքենայով, ապա պետք է նստեր մեքենայի առջևում: Երկրորդ հարվածը կարող էր ճակատագրական լինել»,- եզրափակեց Անին: