Մակրոնը և Ալիևը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պետությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակը։ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ եւս ֆրանսիացի պաշտոնակցին հայտնել է հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը»,- տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման հարցեր։
«Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ»,- ընդգծվում է տեղեկատվությունում։