Ադրբեջանը խախտել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:
«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) եւ Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը եւ «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»):
Դատարանը որոշել է, որ հայցվորներին Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի, Ճամբարակի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ:
Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ եւ գերի ընկնելու պահին ՀՀ ԶՈՒ-ում չի ծառայել: Չնայած դրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առիթը բաց չի թողել գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել է: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի մարմինը: Ադրբեջանական կողմը Մ. Սարիբեկյանի մարմինը Հայաստանին է հանձնել նոյեմբերի 4-ին: