Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ. Քրիստինե Ստեփանյան
Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայ բնակչության կոտորածների համար անպատժելիությունն իր պտուղներն է տալիս մեր օրերում. «ՄԱԿ Հաագայի միջազգային մոդել» հիմնադրամի ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության աշխատակից Քրիստինե Ստեփանյանը։
Հայ դիվանագետը ելույթ է ունեցել համաժողովին պատմական հարցերով ենթամոդելավորման ընթացքում կայացած «Իրավիճակը Սովետական Ադրբեջանում (12/13 հունվար, 1990թ․)» զեկույցի քննարկումից հետո, անդրադարձել 1990թ․ Բաքվի ջարդերին եւ նշել, որ մինչեւ օրս ադրբեջանական իշխանությունները շարունակում են պատմական փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ և ջանքեր։ Ըստ հայ դիվանագետի՝ Ադրբեջանում հայ բնակչության հալածանքների համար անպատիժ մնալու հետեւանքները զգալի են նաեւ մեր օրերում․ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել մարդկության դեմ այդ հանցագործությունների համար, այլև փորձում են զոհերին մեղադրել իրենց իսկ նկատմամբ կիրառված բռնությունների և կոտորածի համար։
Հարցի առնչությամբ ելույթից և լուսանկարային ապացույցների ու վավերագրական ֆիլմերի ներկայացումից հետո Քրիստինե Ստեփանյանը պատասխանել է ենթամոդելավորման մասնակիցների բազմաթիվ հարցերի։