Էրդողանը Ռուսաստանին Սիրիայի հարցով պայմանավորվածությունները խախտելու մեջ է մեղադրել․ ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին Սիրիայի հարցով Անկարայի հետ պայմանավորվածությունները խախտելու մեջ է մեղադրել։ Մոսկվան չի պահպանում համաձայնագրերը, որոնք կնքվել են Աստանայում եւ Սոչիում, հունվարի 29-ին Աֆրիկայի երկրներից Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է նա, հայտնում է DW-ը։
Էրդողանի խոսքերով՝ ինքը կապի մեջ է ռուսաստանցիների հետ, որպեսզի համոզի նրանց դադարեցնել ռմբակոծությունները Իդլիբում՝ Սիրիայի վերջին շրջանում, որը դեռեւս գտնվում է ջիհադականների եւ սիրիական ընդդիմության վերահսկողության տակ։ Թուրքիայի համբերությունը սպառվում է, ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, որ շատ շուտով այն կվերջանա, եւ այդ ժամանակ իր երկիրը «կանի այն, ինչ պետք է»։
Ռուսաստանը եւ Թուրքիան 2018թ․ պայմանավորվել էին ապառազմականացման գոտի ստեղծել Իդլիբում, որը սահմանակից է Թուրքիայի հետ։ Սիրիական գրոհայիններին աջակցող Անկարան Իդլիբում 12 դիտորդական անցակետ է տեղադրել։ Սիրիական բանակը, սակայն, հաջող ռազմական գործողություններ է անցկացնում այդ շրջանում՝ գրոհայիններից նորանոր տարածքներ գրավելով։