Հայաստանում բալային համակարգի պատժամիջոցների տակ պետք է հայտնվեն վարորդները, այլ ոչ թե ավտոմեքենաները
Բալային համակարգն իր դրական կողմերը ունի, սակայն կարեւոր է հասկանալ, թե ով է պատասխանատվության ենթարկվում: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Նրա խոսքով՝ համակարգը պետք է աշխատի այնպես, որ պատժամիջոցների տակ հայտնվեն ոչ թե ավտոմեքենաները, այլ վարորդը, այլապես փոփոխությունները սպասելի արդյունք չեն տա:
«Ինչպե՞ս պետք է գործի նորման, եթե վարորդը արտասահմանցի լինի: Ստացվում է, որ նա կարող է խախտել իրավունքն ու պատասխանատվության չենթարկվել, քանի որ տրանսպորտն իրենը չէ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի բալը հանվի միայն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիքսված խախտումների դեպքում, որոնք տեղում կարձանագրեն փաստը, իսկ վարորդը հնարավորություն կունենա պաշտպանել իր իրավունքները, ինչը չի կարելի անել տեսախցիկի ֆիքսումից հետո: Այն հայտարարությունները, թե դա կարող է կոռուպցիոն ռիսկերի հանգեցնել ՃՈ աշխատակիցների կողմից, արդարացված չէ, քանի որ այդ երեւույթների դեմ պետք է համակարգային մակարդակով պայքարել»,- նշեց նա:
Վահագն Սահակյանը նկատեց, որ ճանապարհային քարտեզի օգնությամբ տուգանման համակարգը, ըստ էության, ներդրվել է ոչ թե վարորդներին դաստիարակելու, այլ խախտումներից գումար վաստակելու համար: «Երբ վարորդը խախտում է ՃԵԿ-ը, եւ դա ֆիքսում է տեսախցիկը, նա շարունակում է իր երթեւեկությունը, ինչն անհնար է, եթե խախտումը ֆիքսում է ՃՈ աշխատակիը»,- հավելեց նա:
Փորձագետը նշեց, որ մեկ այլ խնդիր է խցանումները, որն առաջանում է այն պատճառով, որ կոմերցիոն ավտոմեքենաները կայանում են գրեթե ամբողջ երթեւեկելի մասում: «Այդ խնդիրը կարելի է լուծել, եթե վարորդներին թույլ տրվի ապրանքը բեռնաթափել միայն գիշերային ժամերին»,- պարզաբանեց նա:
Սահակյանը հավելեց, որ մեկ այլ խնդիր է տաքսու վարորդների լիցենզավորումը: «Այսօր երկրում 60 հազար վարորդ տաքսի ծառայություններ է մատուցում՝ չունենալով լիցենզիաներ, ընդ որում, նրանք խուսափում են այն պատասխանտվությունից, որը կրում են լիցենզիա ունեցող վարորդները: Ստացվում է, որ օրենքը չպահպանելը շահավետ է»,- եզրափակեց Վահագն Սահակյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթեւեկության բալային համակարգը: