Դոնի Ռոստովում կբացվի լեգենդար հայ հետախույզի թանգարանը
Դոնի Ռոստովում կստեղծվի խորհրդային լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի թանգարանը։
Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ թանգարանի կառուցման համար հատկացվել է հողակտոր քաղաքի կենտրոնում, Սերաֆիմովիչի փողոցում։
Գեւորգ Վարդանյանը ծնվել է Ռոստովում եւ քաղաքի պատվավոր քաղաքացի է, քաղաքն անվանում են Ռուսաստանի հարավային մայրաքաղաք։ 2012 թվականին Գեւորգ Վարդանյանի անունով Ռոստովի «Աստղերի պողոտայում» անվանական աստղ տեղադրվեց։
Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանը ԽՍՀՄ ամենահայտնի հետախույզներից էր։ 1943 թվականին նա անլեգալների խմբի մեջ էր, որոնք կանխեցին նացիստական Գերմանիայի հետախուզության մահափորձը Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի դեմ Թեհրանում հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։