Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր. ե՞րբ դրանք կհայտնվեն
Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն այդ թեստերը կարող են հայտնվել առաջիկա 10 օրվա ընթացքում ԱՀԿ-ի եւ ՌԴ-ի հետ համագործակցության շնորհիվ: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին թեստերը, որոնք իրենցից ներկայացնում են ռեագենտներ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտությունների համար, հայտնվել են «բարձր ռիսկի» երկրներում՝ Չինաստանում եւ հարեւան երկրներում: Այլ երկրների մեծամասնությունում, որտեղ կորոնավիրուսի տարածման ռիսկը ցածր է համարվում (այդ թվում Հայաստան), դրանք դեռ հասանելի չեն:
«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք այդ թեստերը ստանալու համար: Հնարավորության դեպքում մենք դրանք կստանանք ԱՀԿ-ի եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ»,- ասաց մասնագետը:
Տվյալ պահին, մասնագետի խոսքով, Հայաստանում հնարավորություն կա ախտորոշելու SARS-ը եւ կորոնավիրուսի մյուս տեսակները: Եթե 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանք լինի, կենսաբանական նմուշները հնարավոր կլինի ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել այդ վիրուսի առկայությունը:
Լիանա Թորոսյանի խոսքով՝ նոր կորոնավիրուսի առավել տարածված դրսեւորումներից մեկը ինֆիլտրացված թոքաբորբն է, որը հաճախ ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Եթե Հայաստանում ինչ-որ պացիենտի մոտ նման խնդիրներ լինեն, նրա անալիզներն անպայման կուղարկվեն վերոնշյալ լաբորատորիաներ, եթե Հայաստանն այդ պահին սեփական ռեագենտները չունենա:
Սակայն այս պահին երկրում կորոնավիրուսի կասկածանքով պացիենտներ չկան, իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ժամանել են կամ պատրաստվում են ժամանել Չինաստանից, 14-օրյա հսկողություն է իրականացվում: