Մեծ Բրիտանիան թույլ է տվել Huawei-ին սահմանափակ դեր ունենալ բրիտանական 5G ցանցի ստեղծման գործում
Մեծ Բրիտանիան թույլ է տվել չինական Huawei հսկային սահմանափակ դեր ունենալ բրիտանական 5G ցանցի ստեղծման գործում, ինչը կարող է հանգեցնել դիվանագիտական կոնֆլիկտի ԱՄՆ-ի հետ, տեղեկացնում է AFP-ն։
Ազգային անվտանգության խորհուրդը՝ Բրիտանիայի վարչապետի նախագահությամբ, որոշում է կայացրել, որ «բարձր ռիսկի մատակարարներին» պետք է թույլ տալ երկրորդային դեր խաղալ հաջորդ սերնդի ցանցի ստեղծման գործում։ Սակայն Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի երաշխավորությունում նշվում է, որ նման մատակարարներին պետք է արգելել անվտանգության եւ կրիտիկական կարեւոր ցանցերի հասանելիությունը։
Այդ ընկերությունները կհանվեն նաեւ անվտանգության «հիմնական» կարեւորագույն գործառույթներից եւ զգայուն աշխարհագրական տեղերից, ինչպիսին են միջուկային օբյեկտները եւ ռազմակայանները։
Huawei-ի փոխնախագահ Վիկտոր Չժանը ողջունել է Մեծ Բրիտանիայի որոշումը, որը սերտ կապեր ունի Չինաստանի պետության հետ։ «Huawei-ը հավաստիացնում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որ մենք կարող ենք շարունակել աշխատել մեր հաճախորդների հետ՝ 5G-ի ներդրումը շարունակելու համար»,- ասել է նա։
«Փաստերի վրա հիմնված այս որոշումը կհանգեցնի ավելի կատարյալ, ավելի անվտանգ եւ տնտեսապես ավելի արդյունավետ հեռահաղորդակցային ենթակառուցվածքի ստեղծմանը, որը պետք է ապագային»։
Նշենք, որ ԱՄՆ-ը պնդում է, որպեսզի դաշնակիցները հրաժարվեն Huawei-ի ծառայություններից՝ ընկերությանը մեղադրելով չինական կառավարության համար արվող լրտեսության մեջ։