Թուրքիայում հայ եղբայրները պայքարում են նախնիներին պատկանող տարածքը հետ ստանալու համար
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի` Սվազում ծագումով 3 հայ եղբայրներ պայքարում են իրենց նախնիներին պատկանող տարածքը հետ վերադարձնելու համար: Եղբայները, պնդելով, որ Սվազի Ուլաշ գավառում գտնվող «Համուրքեսեն» տարածքն իրենց է պատկանում, իսկ սեփականության իրավունքն ապօրինաբար է իրենցից խլվել, դիմել են դատարան: Նշենք, որ եղբայները կրում են հենց Համուրքեսեն ազգանունը:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ` 20 միլիոն լիրա արժեղությամբ տարածքի վբերադարձի համար պայքարող ընտանիքի փաստաբանն ասել է, որ կյանքի անվտանգության նկատառումներով` ընտանիքը մինչ այսօր թաքցրել է ինքնությունը:
Փաստաբանը պատմել է , որ այս հարցով Համուրքեսեն եղբայրներն իրեն դիմել են դեռևս 2000 թվականին, սակայն մտածելով, որ 1870 թվականին խլված հողերը տեսականորեն անհնար է հետ վերադարձնել, ոչ մի քայլ չի արվել:
«Սակայն մի օր նրանք ինձ մոտ եկան Սվազի քարտեզով, որտեղ իրենց ազգանունը կրող մի տարածք էր նշված: Սկսեցի ուսումնասիրել այս հարցը: Սվազի կադաստրային վարչությունում ձեռքս ընկան թղթեր, որոնցում տարածքն այս ընտանիքի անունով էր նշված: Միայն թե սեփականատերերի` անհայտ կորած լինելու պատճառով տարածքը պետության անունով է գրվել»,-ասել է փաստաբանը: