Արմենակ Ուրֆանյանի ծննդյան կապակցությամբ բացվել է նրա անունը կրող լսարան
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյանօրը բացվել է նրա անունը կրող լսարան։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, Արմենակ Ուրֆանյանի հարազատները։
Նշենք, որ այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երեւանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, որտեղից վերադառնալով, ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։
Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը 2016-ի ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: Նա իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ եւ մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Հակառակորդին գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ: