«Ամենադժվարը եղել է այն օրը, երբ ստացա հրազենային ծանր վնասվածք». Վարուժան Մարգարյանը` ծառայության 7 ամիսների մասին
Դերասան Վարուժան Մարգարյանը Հայոց բանակ է զորակոչվել 2014 թ-ին: Վարուժանի ծառայությունը, սակայն, տեւել է 7 ամիս` հրազենային վնասվածքի պատճառով:
Այսօր` Հայոց բանակի կազմավորման 28-րդ ամյակի առթիվ Վարուժանի հետ վերհիշել ենք նրա ծառայության օրերը, դժվարություններն ու բանակում ստացած փորձը:
«Ծառայությունս անցկացրել եմ ԼՂՀ-ում`Հադրութ քաղաքում։ Ծառայության գնալու լուրը ստացել եմ 2 անգամ։ Առաջին ծանուցագիրը եկել է 2013 թ-ի դեկտեմբերի 15-ին` դեկտեմմբերի 18-ին գնալու համար։ Հավատս չէր գալիս, որ ընդամենը 3 օր ժամանակ ունեմ եւ Նոր տարուն չեմ լինելու տանը։ Երաժշտական դասակ գնալու համար պետք է քննություն հանձնեի, այդ պատճառով էլ գնալս հետաձգվեց մինչեւ հունվարի 10-ը։ Ես այդ մի ամսվա ընթացքում համակերպվել էի գնալու մտքին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դերասանը:
Անդրադառնալով զորակոչվելու օրերի ապրումներին` նա հավելեց.
«Իմ կարծիքով չկա մարդ, որը ներքին հուզմունք չունենա այդ պահին, բայց դա պահում ես ներսումդ, որ ծնողներդ չնկատեն: Երկու տարին քիչ չէ...»:
Չնայած ծառայությունը երկար չի տեւել, բայց այդ ընթացքում Վարուժանը հասցրել է ձեռք բերել ընկերներ.
«Բանակային շատ լավ ընկերներ եմ ձեռք եմ բերել, բայց հիմա չեմ կարողանում շատ կապի դուրս գալ զբաղվածության պատճառով։ Տղաներ եղան, որոնց հետ հենց ճանապարհին ծանոթացանք, եւ շփումը շարունակվեց նաեւ զորամասում, եղան մարդիկ, ում հետ` հենց տեղում»։
Դերասանը վերհիշեց նաեւ ծառայության ամենադժվար օրը.
«Ամենադժվարը եղել է հենց այն ճակատագրական օրը, որի պատճառով էլ ժամանակից շուտ զորացրվեցի։ 23.07.2014`այդ օրը ես ստացա հրազենային ծանր վնասվածք։ Այդ օրվանից սկսած մի ամիս եղել է բարդ վերականգնողական շրջան»,-պատմում է նա`հավելեով.
«Ծառայության այդ 7 ամսվա շրջանը տվեց ինքնուրույնություն, գիտակցում, որ անկախ ամեն ինչից, անկախ դժվար պահերից` կյանքը պետք է գնահատել։ Ես համարում եմ, որ այդ շրջանը ինձ տվեց երկրորդ կյանքի հնարավորություն, որը պետք է ճիշտ օգտագործել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: