ԱՄՆ-ում թույլատրել են խստացնել գրին քարտերի տրամադրումը
ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Սպիտակ տան նախաձեռնությանը երկրում մշտական բնակության (այսպես կոչված գրին քարտերի) տրամադրման կանոնները խստացնելու մասին։ Միջոցառումն առաջին հերթին ուղղված է նրանց դեմ, ովքեր մտադիր են պետական նպաստ ստանալ, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով The Washington Post թերթին։
Կեցության իրավունք ստանալու հայտը դիտարկելիս այժմ ավելի հաճախ ուշադրություն կդարձնեն այնպիսի գործոնների, ինչպիսին են անգլերենի վատ իմացությունը, որը խանգարում է աշխատանքի տեղավորվելուն, մասնավոր բուժապահովագրության բացակայությունը։ Բացասական գործոններ կդառնան նաեւ պետական օգնություն ստանալը, ինչպիսին է արտոնյալ Medicaid բուժապահովագրությունը, մթերքի կտրոններ ստանալը, բնակարանի արտոնյալ գնումը։ Գրին քարտ չտալու եւս մեկ փաստարկ է հայտատուի մոտ լուրջ հիվանդության առկայությունը, որը կարող է խանգարել աշխատելուն կամ սովորելուն, ինչպես նաեւ բուժման միջոցներ չունենալը։
Գերագույն դատարանը որոշումն ընդունել է հինգ կողմ, չորս դեմ ձայներով։